«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը ո´չ թե իր հաշվարկն է ներկայացնում, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի 10%-ով թանկացումը մեկ ընտանիքի վրա կնստի ամսական 1000-1200 դրամ։
Tert.am-ի հետ զրույցում նա նկատել է, որ դա բացարձակ արժեքով մեծ թիվ չէ, բայց եթե հաշվի առնենք հաճախակի թանկացումները և գումարենք այդ թվերը, բավական մեծ գումար է ստացվում. «Մեկ տարում միայն էլեկտրաէնեգիան թանկացել է 40 տոկոսով, դա ընտանիքի բյուջեի համար դառնում է անտանելի բեռ» ։
Ըստ նրա՝ միայն հոսանքը չի թանկանում, թանկանում են գազը, ջուրը և սպառմանն անհրաժեշտ մնացած ծառայություններն ու սնունդը։ «Ընտանեկան ծախսերի մեջ սնունդը և ծառայությունները եկամտի 90%-ն են կազմում, իսկ դա նշանակում է, որ սա ապրել չի, գոյատևել է»,-նշել է նա։ Արմեն Պողոսյանը վստահ է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը շղթայական ռեակցիայով կազդի մյուս ապրանքների գների վրա, որոնք կապ ունեն էլեկտրաէներգիայի հետ։ «Միանշանակ՝ հացն էլ կթանկանա, և հետո ամեն ինչ իր չափով քիչ-քիչ, աննկատ կշարունակի թանկանալ»,-ասաց նա։